Հիմա եկել է ժամանակը Եվրամիության բոլոր հնարավորությունները օգտագործելու ԼՂ խնդրի լուծման համար: Այս մասին մարտի 1-ին Բաքվում կայացած ասուլիսում հայտարարել է ԵՄ-ում նախագահող երկրի` Իսպանիայի ԱԳ նախարար Միգել ԱՆխել Մորատինոսը: «Մենք կգործադրենք բոլոր ջանքերը, այդ խնդիրը լուծելու համար»,- ասել է նա ու հավելել. «Ոմանք այդ հակամարտությունը համարում են սառեցված, իսկ մենք կարծում ենք, որ պետք է այդ հակամարտությունը դիտենք որպես լուծելի»:
Մորատինոսը նաեւ ընդգծել է, որ ԵՄ-ն հարգում է ԵԱՀԿ Միսնկի խմբի աշխատանքը եւ պաշտպանում է մադրիդյան սկզբունքները եւ եթե երկու կողմերն էլ կառուցողականություն ցուցաբերեն, ապա հակամարտությունը կարելի կլինի լուծել:
«Խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում ավելի իրական դարձավ հատկապես վերջին 2 տարում: Մենք առաջընթաց ենք տեսնում եւ գտնվում ենք հակամարտության լուծման վերջին փուլում»,- հավելել է Իսպանիայի ԱԳ նախարարը:



























