ԱՄՆ-ում հայտնաբերվել է 1946թ. Նյուրնբերնգի դատարանի կողմից մահապատժի ենթարկված նացիստական Գերմանիայի գաղափարաբան Ալֆրեդ Ռոզենբերգի անձնական օրագիրը:
1936 -1944թթ. ընդգրկող գրառումները պարունակում են Երրորդ ռեյխի քաղաքականության, Խորհրդային Միության վրա հարձակման ծրագրերի, հիտլերյան վարչակարգի ներքին տարաձայնությունների մասին մինչ այժմ անհայտ փաստեր: «Օրագիրը պատմաբանների համար տեղեկատվության կարեւոր աղբյուր է, որը կլրացնի եւ մասամբ կհակասի արդեն հայտնի փաստաթղթերը», - ասվում է Հոլոքոստի պատմության թանգարանի գիտական եզրակացությունում, որը մեջբերում է NEWSru.com-ը` վկայակոչելով Reuters-ին: Ռոզենբերգի գրառումները կհանձնվեն թագարանին: Թե որտեղ եւ ինչպես են դրանք հայտնաբերվել, չի հաղորդվում:
Հայտնի է, որ Ռոզենբերգի գրառումների մեծ մասն անհետացել էր Նյուրնբերգյան դատավարության ավարտից անմիջապես հետո: Հենց սկզբից կասկածներ էին ծագել, որ դա տեղի է ունեցել դատավարությանը ներկա ամերիկացի ներկայացուցիչ Ռոբերտ Քեմփների մասնակցությամբ:
Քեմփները մահացել է 93 տարեկանում` 1993թ., եւ իր հարազատների, Հոլոքոստի թանգարանի եւ անձնական քարտուղարի միջեւ դատական քաշքշուկ է սկսվել արխիվի պատճառով: Դատավարությունն ավարտվել է միայն տասը տարի անց, երբ Քեմփների զավակները համաձայնել են արխիվը թանգարանին հանձնել, սակայն Ռոզենբերգի օրագիրն այնտեղ չի եղել:
1933թ. Ռոզենբերգն զբաղեցնում էր Գերմանական ազգային-սոցիալիստական բանվորական կուսակցության արտաքին գործերի կառավարման ղեկավարի պաշտոնը, իսկ 1941թ. նշանակվել էր արեւլյան զավթված տարածքների ռեյխ նախարար: Նա նաեւ նացիզմի գլխավոր գաղափարախոսներից եւ հրեաների ցեղասպանության տեսության հեղինակներից մեկն էր, ղեկավարում էր գրավված տարածքներում մշակութային արժեքների բռնագրավմամբ զբաղվող հատուկ ծառայությունը:




























