Հայաստանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը հերքել է այն լուրը, թե Օպերայի շենքի ճակատային մասը «ճաքերով է պատված»: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հովհաննիսյանը նշել է, որ շենքի մի մասը երեսպատված է, եւ հենց այնտեղ կան փոքրիկ ճաքեր, որոնք, բնականաբար, առաջացել են եղանակային պայմանների պատճառով:
Ըստ նրա` ճաքեր կան շենքի բետոնե եւ երեսպատված հատվածներում, իսկ քարերի վրա ճաքեր չկան: «Այդ ճաքերն առաջացել են քամու, անձրեւի եւ արեւի ազդեցությունից: Երեսպատում ունեցող ցանկացած շինություն ունի փոքրիկ ճաքեր, եւ դա բնական է»:
Ընդ որում, ըստ Հովհաննիսյանի, չպետք է մոռանալ, որ Օպերայի շենքի արտաքին հատվածը վերջին անգամ վերանորոգվել էր 1980թ. : «Նման անհեթեթ տեղեկություն տարածողները մարդուն կարող են պարզապես խելագարության հասցնել: Ես 100 տոկոսով վստահ եմ, որ Օպերայի շենքին ոչ մի լուրջ ճաքեր չեն սպառնում»:
Նշենք, լրատվամիջոցներում լուր է տարածվել, որ Օպերայի շենքի ճակատային հատվածը ճաքերով է պատվել` Ազատության հրապարակի տակ կառուցված ավտոկայանատեղիի հետեւանքով:




























