Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում պաշտոնական Մալիի ներկայացուցիչները եւ տուարեգները համաձայնել են դադարեցնել ռազմական գործողությունները: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Մալիի մշտական զորքերն արշավել են տուարեգների վերահսկողության տակ գտնվող Կիդալ քաղաքի դեմ:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն` վկայակոչելով Reuters-ին, բանակցությունների ընթացքում նախնական համաձայնության են եկել նաեւ տուարեգների կողմից զբաղեցված կենտրոնական ադմինիստրացիայի եւ բանակային ուժերի տարածքները վերադարձնելու մասին: Դա հատկապես արդիական է, քանի որ շուտով` հուլիսի վերջին, համընդհանուր ընտրություններ են տեղի ունենալու:
Հիշեցնենք, որ տարվա սկզբին իսլամիստներին դիմակայելու նպատակով Մալի են մտցվել ֆրանսիական զորքեր: Տուարեգները կարողացել են գրավել իրենց կողմից բնակեցված տարածքների մի շարք քաղաքներ եւ ինքնավարություն են պահանջել: Դաշնակիցների օգնությամբ մշտական զորքերին հաջողվել է ետ նվաճել բնակավայրերը եւ հակառակորդների հետ բանակցություններ սկսել:




























