Հայտնի են դարձել Իրաքի հյուսիսային քրդական ինքնավար շրջանում հուլիսի 25-ին տեղի ունեցած խորհրդարանական եւ շրջանի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները։ Այս մասին հաղուրդում է թուրքական CNNTurk-ը։

Ըստ նախնական արդյունքների, Հյուսիսային Իրաքի գործող ղեկավար Մեսուդ Բարզանիի եւ Իրաքի նախագահ Ջելալ Թալաբանիի ղեկավարած կուսակցությունների դաշինքը ստացել է մոտ 60 տոկոս ձայն, իսկ ընդիմադիր «Գորան» (փոփոխություն) կուսակցությունը կզբաղեցնի խորհրդարանի 111 աթոռից 22-ը։ Այս արդյունքն անակնկալ է եղել շատերի համար, քանի որ կա տեղեկություն, որ ընդիմադիր «Գորան» կուսակցությունը նույնիսկ Իրաքի նախագահ Ջելալ Թալաբանիի բնակավայրում է քվեներով հաղթել։

Իսլամիստների եւ կոմունիստների կոալիցիան հավաքել է 13 տոկոս։

Ինչ վերաբերում է այդ շրջանի նախագահական ընտրություններին, ապա այստեղ նախագահ է ընտրվել Մեսուդ Բարզանին, որը հավաքել է քվեների 72 տոկոսը։

Սպասվում է, որ ընտրությունների պաշտոնական արդյունքները կհրապարակվեն Իրաքի մայրաքաղաք Բաղդադում։

NEWS.am-ը հիշեցնում է, որ Հյուսիսային Իրաքի ինքնավար շրջանի խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր 507 թեկնածու, իսկ նախագահի ընտրությանը՝ 5 թեկնածու։ Խորհրդարանի 111 տեղից 100-ը տրվում է քրդերին, 5-ը թուրքմեններին, 5-ը քրիստոնյաներին եւ 1 տեղ հայերին: