Սոցիալական քարտերը փոխարինվելու են անձը հաստատող քարտերով։ Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցին տեղեկացրեց «Նորք» տեղեկատվա-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանը՝ ավելացնելով, որ անձը հաստատող քարտերը օգտագործվելու են Հայաստանի ներսում իրականացվող գործարքների ժամանակ։ «Սա սոցիալական քարտերի ծրագրի հաջորդ փուլն է, որը ավելի վաղ պետք է իրականացվեր, սակայն, երբ կրոնական կազմակերպությունների կողմից մեծ աղմուկ բարձրացավ այդ ծրագրի կապակցությամբ, այն մի քանի տարի հետաձվեց»,- նշեց Չոբանյանը՝ ավելացնելով, որ անձը հաստատող նոր քարտերը կունենան հատուկ չիպեր, որպեսզի չհաջողվի այն կեղծել։ Չիպերը նաեւ կպահպանեն անձի մասին եղած տեղեկությունները։

«Նորք» ընկերության տնօրենը տեղեկացրեց, որ միաժամանակ մշակվում է նաեւ նոր անտեսանելի չիպերով անձնագրերի տարբերակներ, որում կներառվեն քաղաքացու կենսաբանական տվյալները։ Ըստ նրա՝ այս նոր տիպի անձնագրերը կօգտագործվեն արտասահման մեկնելու դեպքում, իսկ անձը հաստատող քարտերը՝ երկրի ներսում բոլոր տեսակի գործարքների ժամանակ։ Ընկերության տնօրենը տեղեկացրեց, որ նոր փաստաթղթերը կիրառության մեջ կմտնեն 2011 թվականից։