Արցախի Քարվաճառի շրջանի գյուղերի դպրոցների ամենամեծ խնդիրը ինտերնետի բացակայությունն է եւ անհրաժեշտ դասագրքերի պակասը:
Նոր Գետաշեն գյուղի դպրոցի տնօրեն Դավիթ Գեւորգյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ դպրոցն ունի 32 աշակերտ, սակայն չկան 2-րդ, 7-րդ եւ 11-րդ դասարաններ: Դպրոցի ներկայիս շենքը հիմնադրվել է 1960-ականներին, եղել է մեծահարուստի տուն, իսկ ներկայիս տեսքը ստացել եւ վերանորոգվել է 2005թ. Իսպահանի Հայոց թեմի թեմական խորհրդի միջոցներով: Ներկայումս դպրոցն ունի 15 ուսուցիչ, սակայն չկա անգլերենի ուսուցիչ, եւ այդ պատճառով երեխաները չեն կարողանում անգլերեն պարապել: Վերջին ուսուցիչը գյուղից հհեռացել է մի քանի տարի առաջ, Դավիթ Գեւորգյանի խոսքով, կնոջ ամուսինը չհարմարվեց Քարվաճառին եւ վերադարձավ Հայաստան, կինն էլ ստիպված էր հետեւել ամուսնուն: «Անգլերենի ուսուցիչ չկա, եթե ցանկացող լինի, անվճար տան հարցերն էլ կլուծենք, աշխատավարձն էլ ավելի բարձր է, քան Հայաստանի մյուս տարածքներում: Միայն թե գան»,- նշեց Դավիթ Գեւորգյանը:
Նրա խոսքով՝ դպրոցի շրջանավարտներից շատերն այսօր սովորում են Արցախի պետական համալսարանում, որտեղ տան եւ ուսման վարձերն ավելի էժան են, քան՝ Երեւանում:
Դավիթ Գեւորգյանը հայտնեց, որ պետական աջակցությունից բացի այլ օգնություն գրեթե չի լինում: Դպրոցը նախանցած տարի մի օգտագործած համակարգիչ է ստացել, որ օգտագործվում է ինֆորմատիկայի դասերի համար, իսկ ինտերնետն անհասանելի երազանք է: «Դպրոցը խնդիրներ շատ ունի, այս պահին առաջնայինը դասագրքերի պակասն է, բայց եթե ինտերնետ լինի, ես կներբեռնեմ բոլոր նյութերը, կտպեմ, որ երեխաները սովորեն»,- նշեց նա:
Հարեւան Նոր Բրաջուր գյուղը, համեմատաբար ավելի լավ վիճակում է: Նոր Բրաջուրի դպրոցը 38 աշակերտ ունի, ուրախալի է, որ գյուղում նախադպրոցական տարիքի 58 երեխա կա, եւ դպրոցի աշակերտի թիվը տարեցտարի աճելու է: Այժմ դպրոցում 2-րդ եւ 12-րդ դասարաններում մեկական աշակերտ են, իսկ 9-րդ դասարան չկա: Դպրոցն ունի բոլոր մասնագետները, եւ բոլորն էլ մասնագիտական կրթություն ունեն, ասաց Նոր Գետաշենի դպրոցի տնօրեն Դավիթ Գեւորգյանը, ով նախկինում եղել է Նոր Բրաջուրի դպրոցի տնօրենը: Այժմ գյուղի դպրոցի տնօրենը նրա կինն է:
Դպրոցի դասվար Ծովինար Հակոբյանը Քարվաճառ ՝ տեղափոխվել է Ապարանից 1999թ.: Նրա խոսքով, դպրոցը կապիտալ վերանորոգման կարիք ունի. պատերն ու հատակը վատ վիճակում են: Երեխաները տարբեր մրցույթների են մասնակցում, մրցանակներ են ստանում, սակայն սպորտդահլիճ չունեն: Ուսուցչի խոսքով, սուր զգացվում է գրքերի խնդիրը, հատկապես՝ գեղարվեստական գրականության: Երեխաները շատ ընթերցասեր են, եւ արկածային գրականության կարիք կա:
Գյուղն ունի 50 տնտեսություն, մոտ 240 բնակիչ: Գյուղի խնդիրներից ամենալուրջը իրացման շուկայի բացակայությունն է, բնակիչների զգալի մասն աշխատում է, նույնիսկ երեխաները սարերից բոխի եւ փայտ են բերում, միրգ հավաքում, սակայն չկա հնարավորություն ստացած բարիքը իրացնելու: «Տանձ-խնձոր դեռ այնքան չունենք, որ իրացնենք, մի քանի տարուց կլինի այդ խնդիրը: Աշխատող մարդը կապրի, գործը կա, իսկ եթե նստի, հույսը դնի ուրիշների վրա, չի կարող ապրել, Իսպանիա կդառնանք փոքր մասշտաբով»,- նշեց Դավիթ Գեւորգյանը՝ պատկերավոր նկարագրելով եվրոպական տնտեսական ճգնաժամը. «Իսպանիան տնտեսական ճգաժամից դուրս չի գալիս, որովհետեւ Ամերիկայից այնքան ոսկի բերեց, սովորեց ձրիակերությանը: Մեզ դա պետք չի, միայն աշխատանք է պետք»:




























