Ղրղըզստանում դատարանը նոր վճիռ է կայացրել երկրի նախկին նախագահի եղբայր Ահմաթ Բաքիեւի նկատմամբ, որն անցած տարի փախել էր բանտից: Ինչպես հայտնում է «24.kg»-ն, Բիշքեկի դատարանը նրան հեռակա կարգով 5 տարվա ազատազրկման է դատապարտել, որը նա պետք է անցկացնի խիստ ռեժիմի գաղութում:
Ավելի վաղ Ահմաթ Բաքիեւը պատիժը կրում էր գաղութ-բնակավայրում: 2012թ սկզբին նրան ուղղարկել են հիվանդանոց բուժվելու: Որոշ ժամանակ անց նախկին նախագահի եղբայրը լքել է հիվանդանոցը, սակայն բանտ չի վերադարձել: Իրավապահներին չի հաջողվել բռնել նրան:
Դեպքի առիթով Պետական քրեակատարողական ծառայություն աշխատակիցների դեմ գործ է հարուցվել: Պետական քրեակատարողական ծառայության պետը հեռացվել է աշխատանքից:
Նշենք նաեւ, որ Ղրղըզստանի նախկին նախագահն իր աշխատակազմի նախկին ղեկավարի սպանությանը մասնակից լինելու մեղադրանքով հեռակա կարգով դատապարտվել էր 24 տարվա ազատազրկման: Հետաքննության տվյալներով` վերջինս սպանվել է ընդդիմությանը միանալու մտադրության պատճառով:




























