Վատիկանում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը, հունիսի 3-ին ընդունել է մի պատվիրակություն, որը գլխավորել է Հայ Կաթողիկե եկեղեցու հայրապետ, Հայոց Ներսես Պետրոս ԺԹ Կաթողիկոս Պատրիարքը:
Հանդիպման ժամանակ Հայ Կաթողիկե Եկեղեցու պետը Հռոմի Ֆրանցիսկոս Պապին է նվիրել խաչելիությունը պատկերող բրոնզե մի քանդակ:
66 սմ բարձրության բրոնզե քանդակը հանդիսանում է համաշխարհային ճանաչում եւ համբավ ունեցող լիբանանահայ արվեստագետ Ռաֆֆի Թոքաթլյանի գործերից մեկը:
Ռ. Թոքաթլյանը, նկարագրելով քանդակի խորհուրդը, ասել է. «Քրիստոսի կերպարի հետեւում գտնվող մեխերը ներկայացնում են մարդկության տառապանքները, որոնք նա կրում է մեր փոխարեն: Քրիստոսի խաչված մարմինը ստացել է խաչի տեսք, որն էլ իր հերթին վերածվել է քրիստոնեության խորհրդանիշի: Խաչի գագաթը ստացել է նետի կերպար, թելադրելով այն միտքը, որ Հիսուս Քրիստոսի միջոցով մենք հանդիպելու ենք մեր Արարչին` Աստծուն»:




























