Մարտի 2-ին, Քրեակատարողական ծառայության ստացված օպերատիվ տեղեկություններն իրականացնելիս, անձնական ստուգման է ենթարկվել Հայաստանի արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ, արդարադատության լեյտենանտ Գրիգոր Հարությունյանը:
Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ստուգման ընթացքում նա ներկայացրել է իր համազգեստի վերնաշապիկի տակ թաքցրած ծխախոտի տուփը, որի մեջ հայտնաբերվել են ծխախոտի երկու գլանակներ` ծխախոտի տուփի թափանցիկ պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված 2.9 գրամ ընդհանուր քաշով, կանաչ գույնի, մանրացված, յուրահատուկ հոտով բուսական զանգված:
Գ. Հարությունյանը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, որը նա պետք է 35000 դրամ վարձավճարի դիմաց փոխանցեր նույն քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավորված անձ Արթուր Սմբատյանին, ում հետ նախօրոք եկել էր հանցավոր համաձայնության:
Փաստի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն:



















