ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, որն աշխարհին պատմել է ԱՄՆ հատուկ ծառայությունների լրտեսության մասին, նախատեսում է մնալ Հոնգկոնգում: Այս մասին նա հայտնել է South China Morning Post-ին տված հարցազրույցում:
Նա մտադիր է տեղի դատարաններում վիճարկել իր արտահանձնման վերաբերյալ ԱՄՆ հարցումը: «Ես ոչ դավաճան եմ, ոչ հերոս, ես ամերիկացի եմ»,-ասել նա:
Ն նաեւ հավելել է, որ ինքը Չինաստանում թաքնվում է ոչ թե արդարադատությունից, այլ որպեսզի բացահայտի ամերիկյան իշխանությունների հանցավոր գործողությունները: «Նրանք, որոնք մտածում են, որ ես սխալվում եմ՝ ընտրելով Հոնգկոնգը, չեն հասկանում իմ մտադրությունները: Ես մտադիր եմ խնդրել Հոնգկոնգի դատարաններից եւ ժողովրդից՝ լուծել իմ ճակատագրի հարցը: Ես պատճառ չեմ ունեցել կասկածել ձեր համակարգին»,-ասել է Սնոուդենը, հաղորդում է Gazeta.ru-ն:
Հիշեցնենք, որ Guardian-ը հրապարակել էր Սնոուդենի տրամադրած փաստաթղթերը, ըստ որոնց՝ ամերիկայն Verizon հեռահաղորդակցային ընկերությունը պարտավորվել էր ԱՄՆ իշխանություններին հանձնել բոլոր զանգերի մասին տեղեկատվություն: Washington Post թերթն իր հերթին հայտնել էր PRISM գաղտնի ծրագրի առկայության մասին, որով հատուկ ծառայությունները մուտք են գործում խոշորագույն IT-ընկերությունների, ներառյալ՝ Facebook-ի, Apple-ի եւ Google-ի հաշիվներ:
Սնոուդենը ԿՀՎ նախկին աշխատակից է, որ պայմանագրով աշխատել է Ազգային անվտանգության գործակալության հետ որոշ տեխնիկական նախագծերի վրա: Նա փախել է Հոնգկոնգ՝ մամուլին տեղեկություններ տալուց հետո: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Սնոուդենը հեռացել է Հոնգկոնգի հյուրանոցից:




























