Հյուսիսային Կորեան հարավային հարեւանին մեղադրել է  բանակցությունների տապալման համար, որոնք պետք է կայանային հունիսի 12-ին:

«Դա ապացուցում է, որ Հարավը հենց սկզբից էլ ոչ միայն մտադիր չէր բանակցություններ վարել, այլեւ փորձում էր խոչընդոտներ ստեղծել երկխոսության համար, դանդաղեցնում էր գործընթացը, եւ, վերջին հաշվով, տապալեց բանակցությունները», -  հունիսի 13-ին հայտնել է Հյուսիսային Կորեայի հայրենիքի խաղաղ միավորման նախարարության ներկայացուցիչ Չո Փհեն Թհոնը, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Հիշեցնենք, որ վեց տարվա մեջ առաջին անգամ նախարարների հանդիպումը պետք է տեղի ունենար Սեուլում, սակայն Հարավային Կորեան վճռել էր կրճատել ներկայացուցիչների քանակը, եւ ԿԺԴՀ-ն միակողմանիորեն չեղյալ էր հայտարարել իր պատվիրակների մեկնումը:  Հարավային Կորեան երկու անգամ փորձել է զանգահարել Հյուսիսայինին, սակայն պատասխան չի ստացել:

Սպասվում էր, որ բանակցությունների ընթացքում քննակվելու էր կորեական Քեսոն արդյունաբերական համատեղ գոտու աշխատանքի կարգավորումը, ինչպես նաեւ դեպի  Կումգանսան հանգստավայր Հարավային Կորեայի քաղաքացիների զբոսաշրջային  երթուղիների վերականգնման խնդիրը: