Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «Կրթության մասին» օրենքի վերաբերյալ առաջարկվող փոփոխությունները կոչել է «հետխորհրդային կոռումպացված համակարգի ամրագրում» եւ Վրաստանի խորհրդարանին կոչ է արել զգուշությամբ վերաբերել այդ հարցին:

«Այդ օրենքը մեզ 20 տարով հետ է վերադարձնում եւ նրանք, ովքեր ժամանակին բուհերում կաշառք պահանջելու համար արտաքսվել էին երկրից, կրկին վերադառնում են դրանց ղեկավարմանը»,-հայտարարել է Սահակաշվիլին: «Վերադառնում ենք Շեւարդնաձեի ժամանակաշրջան»,-ընդգծել է նա, փոխանցում է Գրուզիա Online-ը:

Ինչպես փոխանցում է «Նովոստի-Գրուզիան», նոր ուղղումների պատճառով իր պաշտոնից արդեն հրաժարվել է Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր Ալեքսանդր Կվիտիշվիլին: Նոր ուղղումներն առաջացրել են նախկին իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամների կտրուկ դժգոհությունը:

Հիշեցնենք, որ նախկինում ՄԱԺ կուսակցության իրականացրած կրթական բարեփոխումները եւս առաջացրել էին դժգոհություն եւ ուղեկցվել բողոքի ակցիաներով: