Այսօր` մարտի 3-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի և Վ. Մարթենսի առանձնազրույցը, որի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել միջկուսակցական կապերի և հարաբերությունների խորացման, հետագա համագործակցության հեռանկարների շուրջ:
ՀՀ ԱԺ ոսկեզօծ դահլիճում Վ. Մարթենսը հանդիպել է նաեւ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության և Երևան քաղաքի ԲՀԿ ավագանու անդամների հետ: ԵԺԿ նախագահը կարևորել է եվրոպական միասնական քաղաքականության մեջ ինտեգրվելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հաստատակամությունը, հույս հայտնելով, որ ընթացիկ տարվա ընթացքում ԵԺԿ-ն կընդունի որոշում՝ «Բարգավաճ Հայաստանին» դիտորդ անդամի կարգավիճակ տրամադրելու հարցում:
Իր հերթին, Գագիկ Ծառուկյանը շնորհակալություն է հայտնել Վ. Մարթենսին և ընդգծել, որ երկու կուսակցություններին միավորում են ինչպես գաղափարական, այնպես էլ արժեքային ընդհանրությունները, որոնք այսուհետ կհամալրվեն նաև կուսակցության ղեկավարների միջև հաստատված անձնական շփումներով ու գործընկերային հարաբերություններով:



















