Հայաստանի՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը մեծապես առնչվում է Հայաստանի անվտանգության խնդրին՝ իր մեջ պարունակելով թե մարտահրավերներ, թե հնարավորություններ: Այս մասին, այսօր` հունիսի 13-ին հրավիրված սեմինար-քննարկման ժամանակ ասաց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Նրա կարծիքով՝ այդ համաձայնագիրը Հայաստանին պետք է, քանի որ հակառակ դեպքում կորցնում ենք մեր պետականությունը: «Ռուսաստանը հետխորհրդային երկրներում Եվրամիության ինտեգրումը դիտարկել եւ դիտարկում է որպես սպառնալիք իր անվտանգությանը»,-ասաց նա ու հավելեց, որ Եվրամիությանն ինտեգրմանը խոչընդոտում է օլիգարխիան, կոռուպցիան եւ կրիմինալը հետխորհրդային երկրներում:
«Եվրամիության հետ ասոցացված հարաբերությունն ամրապնդում է պետական ինստիտուտները Հայաստանում, բարձրացնում է պետական համակարգի դիմադրողականությունը եւ ճկունությունը տարբեր մարտահրավերներ հաղթահարելու համար: Հայաստանի տնտեսությանը հնարավորություն են տալիս արմատապես բարձրացնելու իր գրավչությունը Արեւմտյան ներդրումների բնագավառում»,- ընդգծեց Ռուբեն Մեհրաբյանը:




























