«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ներկայումս յոթ տարվա ազատազրկման դատապարտված Նիկոլ Փաշինյանի պաշտպանների վերաքննիչ բողոքի քննությունը Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվել է մինչեւ մարտի 4-ը, ժամը 11-ը:

Մինչ այդ մեղադրող Հարություն Հարությունյանը ներկայացրել է իր վերաքննիչ բողոքը, որով պահանջում է դատարանից բեկանել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ հունվարի 19-ին կայացրած վճիռը, եւ Փաշինյանին մեղավոր ճանաչել նաեւ 316 հոդվածի 1-ին մասով (Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ): Հիշեցնենք, որ այդ հոդվածով Փաշինյանն արդարացվել էր:

Այնուհետ պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը ներկայացրել են իրենց առարկությունները՝ կետ առ կետ հիմնավորելով մեղադրող կողմի պահանջի անհեթեթությունը: Ելույթ է ունեցել նաեւ Նիկոլ Փաշինյանը, որ նկատել է, թե անհեթեթություն է, երբ ներկայացվում է մի դեպք, որն անգամ դատախազության նյութերով հերքվել է: Փաշինյանի բուռն ելույթն արժանացել է դահլիճում հավաքվածների ծափահարություններին:

Մեղադրող կողմի բողոքը քննարկելուց հետո պաշտպանները դատարանին միջնորդել են հետաձգել նիստը: Դատավոր Սերժիկ Ավետիսյանը, խորհրդակցելով իր գործընկերներ Արշակ Խաչատրյանի եւ Մարգո Սիմոնյանի հետ, նիստը հետաձգել է մինչեւ վաղը, երբ իրենց վերաքննիչ բողոքն են ներկայացնելու պաշտպանները:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը յոթ տարվա ազատազրկման է դատապարտվել 2008թ. մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: Պաշտպանական կողմը վերաքննիչ դատարանից պահանջում է արդարացնել Փաշինյանին եւ անհապաղ ազատ արձակել նրան:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի