Անտվերպենի համաշխարհային ալմաստների կենտրոնը մի քանի անգամ նվազեցրել է ալմաստների բացահայտ առեւանգման վնասի չափը, որը կատարվել էր այս ձմռանը՝ Բրյուսելի օդանավակայանում:

Պաշտոնական տվյալներով՝ դրանց արժեքը հասել էր 37,5 մլն եվրոյի, սակայն հիմա հայտնի են դարձել ոստիկանական հետաքննության տվյալները, ըստ որոնք հանցագործների ձեռքն է անցել 300 մլն եվրոյի թանկարժեք քարեր:

Նոր թվերը ներկայացնում է բելգիական La Derniere Heure թերթը՝ վկայակոչելով Մարոկկոյի ոստիկանությունը, որը նույնպես մասնակցել է հետաքննությանը: Միաժամանակ, Անդվերպենի համաշխարհային ալմաստների կենտրոնում նախկինի պես պնդում են, որ կողոպտված ալմաստների արժեքը 37,3 մլն եվրո է: Սակայն Բրյուսելի դատախազ Ժամ Մարկ Մեյորը հաստատել է, որ գործի նյութերում արդեն նոր թիվ է շրջանառվում՝ 300 մլն եվրո, հաղորդում է NEWSru.com-ը:

Հիշեցնենք, ոստիկանական համազգեստով ութ հանցագործներ լուսաթարթիչներ ունեցող երկու ավտոֆուրգոններով փետրվարի 18-ին հայտնվել էին Բրյուսելի օդանավակայանի բեռնավորման հատվածում եւ մոտեցել Swiss ավիաընկերության ինքնաթիռին, որտեղ Brink`s ընկերության աշխատակիցները բեռնում էին չմշակված ադամանդի խոշոր խմբաքանակ՝ Ցյուրիխ ուղարկելու համար: Ինքնաձիգներով զինված կողոպտիչները շուրջ  37,5 մլն եվրո արժողությամբ 10 կգ թանկարժեք քարեր էին առեւանգել՝ հինգ րոպեի ընթացքում, առանց որեւէ կրակոցի: