ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հունիսի 24-ին «Փաստարկ» ակումբում իր ասուլիսը սկսեց՝ շնորհավորելով լրագրողներին, հասարակությանը եւ իրավապաշտպան կազմակերպություններին քաղբանտարկյալների մի մասի ազատ արձակման կապակցությամբ: Ըստ Զուրաբյանի՝ համաներումը տեղի ունեցավ Համաժողովրդական շարժման անկասելի պայքարի եւ Եվրոպայի Խորհրդի ճնշման շնորհիվ: Ընդ որում, ԵԽ դիրքորոշումը Զուրաբյանը պայմանավորեց պայքարի առկայությամբ, եւ նշեց, որ եթե չլիներ պայքարը, իշխանության շինծու մեղադրանքը, հակաժողովրդական քայլերը չէին բացահայտվի եւ ամեն բան վաղուց կլիներ մոռացված:
«Բոլորս պետք է հիշենք այդուհանդերձ, որ դեռեւս 18 հոգի քաղբանտարկյալ շարունակում են իրենց քաղաքական կեցվածքի համար մնալ բանտերում: Ռեժիմը ուներ շանս բոլորին ազատելու միջոցով ազգային հաշտեցման գործընթացի հիմքեր դնելու եւ սկսելու երկխոսություն, ընդդիմության հետ, հասարակության հետ: Սակայն ռեժիմի գործողությունները ցույց տվեցին, որ այն չի ղեկավարվում քաղաքական մթնոլորտի լիցքաթափմամբ, ազգային համախմբման նկատառումներով, այլ քաղբանտարկյալների ազատ արձակումը կապել է բացառապես, եւ կատարել է բացառապես Եվրոպայի Խորհրդի պատժամիջոցներից խուսափելու նպատակով»,- ասաց Լեւոն Զուրաբյանը եւ հավելեց. «Բնականաբար այս գործողությունները չեն կարող մեզ համար բավարար լինել, եւ մինչեւ անխտիր բոլոր, մեր ցուցակներում նշված քաղբանտարկյալները չազատվեն, մենք համարելու ենք, որ ռեժիմը շարունակում է պատերազմել սեփական ժողովրդի դեմ: Եվ դիմելու ենք համարժեք գործողությունների»,- նկատեց Լեւոն Զուրաբյանը՝ նշելով, որ Հայ Ազգային կոնգրեսը սաստկացնելու է պայքարը քաղբանտարկյալների ազատության համար, օգտագործելով բոլոր օրինական ճանապարհները. «Մեր պայքարը հակաժողովրդական ռեժիմի դեմ միայն հզորանալու է»:
Անդրադառնալով «Հայկական ժամանակի» հետախուզման մեջ գտնվող գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի որոշմանը՝ դուրս գալ ընդհատակից, Լեւոն Զուրաբյանը հայտնեց, որ Փաշինյանն այդ որոշումը կայացրել է ինքնուրույն, առանց որեւէ մեկի խորհրդի:
ՀԱԿ համակարգողը նաեւ նշեց, որ ՀԱԿ-ը ստացել է «Ժառանգության» առաջարկը համագործակցության վերաբերյալ եւ քննարկելու է այն:



















