Էստոնիայի իշխանությունները ռուսաստանցի բնապահպան Սուրեն Ղազարյանին քաղաքական ապաստան եւ 3 տարվա բնակության իրավունք են տրամադրել: Նա լքել է Ռուսաստանը նախորդ տարվա վերջին այն բանից հետո, ինչ նրա դեմ քրեական գործ է հարուցվել:
Հունիսի 1-ին նրան տեղեկացրել են, որ բնակության իրավունք է ստանում որպես մի մարդ, ով միջազգային պաշտպանության կարիք ունի: Հունիսի 13-ին նրան հրավիրել են Էստոնիայի սահմանամերձ պաշտպանության եւ ոստիկանության դեպարտամենտ` վերջին խնդիրները լուծելու համար, փոխանցում է ՆՏՎ-ն:
Բնապահպանի դեմ գործը բացվել է այսպես կոչված «Պուտինի պալատի» թիկնապահի հայտարարությամբ: Վերջինիս պնդմամբ` Ղազարյանը փորձել է սպանել իրեն: Այժմ գործը կասեցվել է, իսկ բնապահպանի նկատմամաբ դաշնային հետախուզում է հայտարարվել, հաղորդում է BBC-ի Ռուսական ծառայությունը:
Սուրեն Ղազարյանը հայտնի է իր ակտիվ գործունեությամբ` ուղղված Սոչիի ազգային պարկում օլիմպիական օբյեկտների կառուցման դեմ:
Մի շարք պաշտոնյաների առանձնատների կառուցման դեմ բողոքի ակցիաների շրջանակներում Ղազարյանը գրություններ է կատարել Կրասնոդարի երկրամասին նահանգապետի նստավայրի ցանկապատին, ինչի համար դատապարտվել է 3 տարի պայմանական ազատազրկման:




























