Հնդկաստանի արեւելյան Ջարքհանդ նահանգում կախարդությամբ զբաղվելու մեջ կասկածվող երեք կանանց են սպանել:

Ոստիկանության տվյալով՝ հունիսի 11-ի գիշերը մի խումբ կանայք քարկոծելով սպանել են 70-ամյա Բրիջնի Ինդվարին եւ նրա որդեգրած դուստր 42-ամյա Իգնեսիա Ինդվարին: Կանայք նրան մեղադրել են կախարդությամբ զբաղվելու, մասնավորապես, «գյուղին վնաս հասցնելու եւ մի քանի երեխաների մահվան համար», նշել են ոստիկանները:

Սպանության կասկածանքով արդեն 22 բնակչի են ձերբակալել, որոնցից 19-ը կանայք են, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Նույն գիշերը մեկ այլ գյուղում երեք տղամարդիկ սպանել են 58-ամյա Ջամունա Դեւիին, որին նույնպես կախարդությամբ զբաղվելու մեջ էին կասկածում: