Մի քանի տասնյակ կիոլգրամ ոսկի եւ 150 մլն կրոն առձեռն գումար է առգրավվել չեխական մայրաքաղաքում` ոստիկանության կողմից իրականացվող լայնազանգված հատուկ օպերացիայի արդյունքում: Այս մասին հունիսի 14-ին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետ Ռոբերտ Շլախտան, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Նրա տվյալներով` Պրահայում, ինչպես նաեւ Չեխիայի հարավային եւ կենտրոնական հատվածներում իրականացվել է 31 խուզարկություն: Օպերացիային, ընդհանուր առմամբ, մասնակցել է ոստիկանության 400 աշխատակից: Մեղադրանքներ են ներկայացվել 7 մարդու, ովքեր ձերբակալվել են: «Առայժմ ձերբակալվածներից ոչ մեկին բանտ չեն տեղափոխել»,-ասել է Շլախտան, նշելով, որ նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ անհատական որոշում կկայացվի:

Առաջադրված մեղադրանքների բնույթի մասին չի հաղորդվում: Շլախտայի խոսքով, չեխական ոստիկանությունը սկսել է հետեւել ձերբակալվածներին դեռեւս 2012թ սկզբից: