Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը անակնկալ հանդիպումներ է կազմակերպել ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների հետ։
Մարտի 3-ի երեկոյան Անկարայի նախագահական նստավայրում Գյուլը կընդունի խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության ղեկավար Դենիզ Բայկալին։
Ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելիի եւ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշի հետ Գյուլը կհանդիպի մարտի 4-ին։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ նախագահականի անանուն աղբյուրներից ստացված տեղեկությունները վկայում են, որ Գյուլը խորհրդարանում խմբակցություններ ունեցող կուսակցությունների ղեկավարների հետ կքննարկի վերջին շրջանում Թուրքիայում տեղի ունեցող զարգացումները եւ կլսի նրանց կարծիքները։
Նշենք, որ Գյուլը վերջին զարգացումների հետ կապված արդեն հանդիպել է Թուրքիայի դատական համակարգի ղեկավարության հետ եւ կազմակերպել նաեւ եռակողմ հանդիպում՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Իլքեր Բաշբուղի եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։




























