Հայաստանի խորհրդարանը կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանի կողմից դրանց վավերացումից հետո: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 3-ին ARTOC group տրանսգազային ներդրումային ընկերության նախագահ Մոհամեդ Շաֆիկ Գաբրի հետ հանդիպմանը:
Հայաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները հանդիպմանն անդրադարձել են նաեւ Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացին: Աբրահամյանը եւս մեկ անգամ փաստել է, որ հայ-թուրքական արձանագրությունները պետք է առնչվեն բացառապես Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը եւ սահմանի բացմանը: ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի խորհրդարանը կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանի կողմից դրանց վավերացումից հետո:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ընկերության կողմից Հայաստանում իրականացվող ներդրումային ու ենթակառուցվածքային ծրագրերը, ինչպես նաև հետագա համագործակցության հնարավոր հեռանկարային ուղղությունները:
ARTOC group տրանսազգային ներդրումային ընկերության նախագահ Մոհամեդ Շաֆիկ Գաբրի խոսքով` ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում ներդրումների իրականացմամբ եւ ծրագրում է համագործակցության կոնկրետ ուղղություններ ընտրել` երկրում առկա հնարավորությունները մանրամասն ուսումնասիրելուց հետո: Ընկերության նպատակն է ներդրումների միջոցով էապես բարելավել և բարձրացնել կյանքի որակը: Պարոն Գաբրը տեղեկացրեց, որ ընկերությունը Կահիրեի արվարձաններից մեկում հաջողությամբ իրագործված «Smart Village» քաղաքի գաղափարը Երեւանում առավել փոքր մասշտաբով իրականացնելու նպատակ ունի. ծրագիրն ընդգրկելու է միջազգային այն կազմակերպությունները, որոնք ցանկանում են համագործակցել Հայաստանի եւ Եգիպտոսի հետ: Նա նաև նշել է, որ առաջիկայում կրկին Հայաստան կայցելի առավել գործնական առաջարկներով:



























