Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն այսօր իր առաջին այցելությունն է կատարում արտասահման` Ուկրաինա: Ռուս ուղղափառ եկեղեցու ղեկավարի շրջապատողներն ընդգծում են, որ այցելությունը կրում է բացառապես հոգեւոր բնույթ: Այնուամենայնիվ, ինչպես գրում է «Նովիե իզվեստիա»-ն, ենթադրվում է, որ պատրիարքի այցելությունը խաղաղ չի անցնելու: Մասնավորապես, հայտնի ուկրաինական «Ունիան-կրոն» ինտերնետ պարբերականի անցելուների 65 տոկոսը, պատասխանելով հարցին, թե «Ի՞նչ եք սպասում պատրիարք Կիրիլի այցելությունից», պատասխանել են. «միջկրոնական հակամարտության խորացում»:
Պատրիարքի այցելությունը կտեւի 10 օր` հուլիսի 27-ից օգոստոսի 5-ը: Հիմնական նպատակն է` ավարտել այն, ինը չկարողացավ իրականացնել Ալեքսի 2-րդը, ով դադարեցրել էր իր այցը Ուկրաինա առողջական վիճակի վատթարացման պատճառով: Կիրիլը այցելելու է 7 քաղաքներ, ինչպես նաեւ Ղրիմ:
Օդանավակայանից պատրիարքն ուղեւորվել է Վլադիմիրի բլուրներ` Ռուսաստանի կնքահայր, սուրբ Վլադիմիր իշխանի պատվին աղոթք կատարելու համար: Այստեղ նրա Ուկրաինա այցելության դեմ բողոքող, «Ունա-ունսո» հասարակական կազմակերպության շուրջ 50 կողմնակիցներ կռվի են բռնվել կազական կազմակերպությունների 30 կողմնակիցների հետ:
«Ունա-ունսո»-ի ներկայացուցիչները իրենց ձեռքերում կրել են պաստառներ, որտեղ գրված է եղել. «Դուրս, մոսկովյան գաղութարար պապ», «Միասնական ժողովուրդ, անկախ եկեղեցի»:
Կազակների ու «ունսո»-ականների բախումը կանխել են իրավապահները, որից հետո հատուկ ստորաբաժանումները շղթա են կազմել բողոքի գործողության մասնակիցների ու կազակների միջեւ: «Մոսկվան ունի իր պատրիարքը, իսկ մենք ուզում ենք մերը: բայց ամեն բան կլինի խաղաղ»,- ասել է «Ունա-ունսո»-ի ղեկավար Ռուսլան Սայչենկոն: Նրանք պատրաստվում են պիկետներ կազմակերպել Կիրիլի ողջ ուղու երկայնքով:
Ներկայումս Վլադիմիրի բլուրները շրջապատված են մետաղական վահաններով: Պատրիարքին կենդանի վահանով պաշտպանում է նաեւ վանականների շղթան:
Սադրանքներից խուսափելու նպատակով մայրաքաղաքը հսկում են 5,8 հազար ոստիկաններ:



















