Տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց հնարավորություն է ստեղծվում նույն սակագնով ավելի արագ եւ հաստատուն ինտերնետ կապ տրամադրել բաժանորդներին։ Այս մասին NЕWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց «iCON» ընկերության գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը՝ ավելացնելով, որ այժմ շուկայի գինը նվազագույնը 7000 դրամ է լայնաշերտ ինտերնետի համար, եւ դա փոքր արագությունների դեպքում։
«Մենք փորձում ենք այժմյան գինը պահպանել, բայց միեւնույն ժամանակ ինտերնետի արագությունը եւ ծառայությունների որակը բարելավել»,- ասաց Քասարջյանը։
Նրա խոսքով՝ նույն գործընթացը տեղի է ունեցել նաեւ ԱՄՆ-ում, որտեղ շուրջ 15 տարի առաջ DSL ինտերնետ կապը 256 կիլոբիտ արագության համար արժեր ամսական մոտ 20-25 դոլար, իսկ այժմ գինը չի իջել, սակայն նույն գումարով, շուրջ 10 անգամ ավելի արագ ինտերնետ է մատուցվում։
«ICON» -ի տնօրենը նշեց նաեւ, որ Հայաստանում ինտերնետը նույն 7000 դրամը ( մոտ 15 դոլար) ավելի էժան է, քան Միացյալ Նահանգներում, սակայն հայաստանյան ընտանիքի միջին եկամուտը անհամեմատ ավելի պակաս է, քան ամերիկյան միջին սպառողի եկամուտը, այս դեպքում Հայաստանում ինտերնետը բավական թանկ է։



















