Հայաստանի ֆուտբոլի պատանեկան հավաքականը Դուբլինում 2։1 հաշվով հաղթել է իռլանդացիներին։ Խաղը կայացել է Եվրո 2011-ի ընտրական փուլի շրջանակներում։ Հայաստանի հավաքականում աչքի են ընկել գերմանական «Համբուրգի» կիսապաշտպան Լեւոն Հայրապետյանը եւ Երեւանի «Փյունիկի» հարձակվող Գեւորգ Ղազարյանը։ Դաշտի տերերը հեղինակության գոլը կարողացել են խփել միայն խաղի 80-րդ րոպեին։

Արժե նշել, որ Ֆլեմինգ Սերիցլեւի սաները խաղն ավարտել են փոքրաթիվ կազմով։ Երկու դեղին քարտերի պատճառով դաշտից հեռացվել է բելգիական «Բրյուգգեի» կիսապաշտպան Մասիս Ոսկանյանը։

Նշենք, որ Հայաստանի հավաքականը իռլանդացիների նկատմամբ հաղթանակ էր տարել նաեւ երեւանյան ընտրական խաղում։ 2009 թ. նոյեմբերին հայ ֆուտբոլիստները նրանց հաղթել էին 4։1 հաշվով։

Հայաստանի հավաքականը տեսականորեն պահպանում է Եվրո 2011-ի եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորությունները։