Մարտի 3-ին «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ նույնանուն խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հանդիպել են Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ, Բելգիայի նախկին վարչապետ Վիլֆրիդ Մարթենսին, նրա աշխատակազմի ղեկավար Ինգրիդ Գուսենսին եւ ԵԺԿ Արտաքին հարաբերությունների քարտուղար Նիկոլա Բրիեքին:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է «Ժառանգության» լրատվական ծառայությունից, կուսակցության ղեկավարները ներկայացրել են կուսակցության գաղափարախոսությունը, մոտեցումներն ու քայլերը Հայաստանի եվրոպական ինտեգրացիայի ուղղությամբ: Եվրոպացի հյուրերին են տրամադրվել կուսակցության ժողովրդավարական դիմագծի, ինքնության եւ ծավալած գործունեության մասին համառոտագրեր: «Ժառանգությունը» խորհրդարանական միակ խմբակցությունն է, որի պատգամավորները միջազգային խորհրդարանական կազմակերպություններում, մասնավորապես` ԵԽԽՎ-ում եւ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում 2007թ-ից ի վեր անդամակցում են Եվրոպայի Ժողովրդական կուսակցության խմբակցությանը:
Պարոն Մարթենսը եւ պատվիրակության անդամները հակիրճ տեղեկացվել են եվրոպական այդ հեղինակավոր կառույցներում ԵԺԿ խմբակցության կազմում «Ժառանգության» պատգամավորներ Րաֆֆի Հովհաննիսյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Լարիսա Ալավերդյանի ծավալած եռանդուն գործունեությանը: Մարտիորսյանը եւ Սաֆարյանը շնորհակալություն են հայտնել ԵԺԿ նախագահին ու պատվիրակության անդամներին այն առարկայական աջակցության համար, որը ԵԽԽՎ համանուն խմբակցության կողմից ցուցաբերվել է այս տարի` Վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքներին Ժառանգության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի մասնակցությունն ապահովելու համար: Քննարկվել են ԵԺԿ-ի եւ Ժառանգության համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը, տարածաշրջանային ու ներքաղաքական զարգացումներին վերաբերող հարցեր:



















