Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը` հունիսի 17-ին, ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո) պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ, իսկ մի քանի օր անց նրանցից մեկը` Վահե Ավետյանը մահացել էր հիվանդանոցում:
Այսօր «Հարսնաքարի» գործով դատավարությունը դեռ ընթացքի մեջ է, Ռուբեն Հայրապետյանը վայր է դրել պատգամավորական մանդատը, բայց արդեն 33-ամյա Վահե Ավետյանը չկա, նրա երկու երեխաները մնացել են առանց հոր:
Այս առնչությամբ, «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է.
«ՀՀ բանակի սպա, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան տարելիցի կապակցությամբ՝ 2013 թվականի հունիսի 29-ին (շաբաթ օրը)՝ ժամը 19:00-ին, նրան մահ պատճառած դաժան խոշտանգման վայրում` «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում, տեղի է ունենալու հիշատակի մոմավառություն, որին հետեւելու է բողոքի երթ Ավան թաղամասում:
Հորդորում ենք Ձեր ներկայությամբ հարգել Վահե Ավետյանի հիշատակը եւ միանալ քրեաօլիգարխիկ համակարգի բռնության հակամշակույթի հանդեպ հանրային համատարած մերժման, պարսավանքի եւ անհանդուրժողականության շարժմանը»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո) պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը` ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, հունիսի 29-ին հիվանդանոցում մահացել էր:
Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել էր 6 մարդ` Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանն ու Արթուր Բաբլոյանը, որոնց մեջ կան նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ:
Հուլիսի 31-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը նախկինում առաջադրված մեկ մեղադրանքի փոխարեն երեք մեղադրանք էր առաջադրել: Վերաորակված մեղադրանքն առաջադրվել է բոլոր վեց կալանավորվածներին: Նոր մեղադրանքով նրանք մեղադրվում են 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 14-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը , որը կատարվել է մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կողմից եւ անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), եւ 118-րդ հոդվածով (Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը):




























