Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր՝ մարտի 4-ին քննարկելու է Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի նախագիծը:
Օրինագիծը մշակվել եւ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովին է ներկայացվել Ադամ Շիֆի, Ջորջ Ռադանովիչի եւ ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնի եւ Մարկ Քըրքի հովանավորությամբ։ Ներկայումս այս բանաձեւին աջակցում են 135 կոնգրեսականներ՝ ինչպես Դեմոկրատական, այնպես էլ Հանրապետական կուսակցություններից։
Բանաձեւը ԱՄՆ-ի նախագահին կոչ է անում միջոցներ ձեռնարկել, որպեսզի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը պատճաշ ըմբռնում արտացոլի այն հարցերում, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, էթնիկ զտումներին եւ այն իրադարձություններին, որոնք արձանագրված են Միացյալ Նահանգների փաստաթղթերում եւ վերաբերում են Հայոց ցեղասպանությանը։
«Հայոց ցեղասպանությունը ծրագրվել եւ իրականացվել է Օսմանյան կայսրության կողմից 1915-1923 թվականներին, որի արդյունքում տեղահանվել են 2 միլիոն հայեր։ Նրանցից 1,5 միլիոնը սպանվել է, կես միլիոն վերապրածներ վտարվել են իրենց տներից։ Այս ամենի արդյունքում վերացվեց հայերի 2500 տարվա ներկայությունը իրենց պատմական հայրենիքում»,- նշված է բանաձեւում:
Նշենք, որ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նման բովանդակությամբ բանաձեւեր ընդունել է 2000, 2005 եւ 2007 թվականներին, սակայն, «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, նախագահներ Բիլ Քլինթոնը եւ Ջորջ Բուշը կտրականապես դեմ էին արտահայտվել բանաձեւերի ընդունմանը:



















