«Այն, ինչ կազմում էր Սերժ Սարգսյանի լեգիտիմության հիմքը, խայտառակ ձախողում ապրեց: Դա հայ-թուրքական գործընթացն էր»,- մարտի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը, ի պատասխան հարցի, թե ինչով է ՀԱԿ-ը համոզված, որ մինչեւ սեպտեմբեր արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ են լինելու:
Հիշեցնենք, որ մարտի 1-ի հանրահավաքում ՀԱԿ-ը հայտարարել էր, թե պահանջում է հունիս-սեպտեմբեր ամիսներին անցկացնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ:
Նրա խոսքով, «վերջին երկու տարվա քաղաքականության ընթացքում, ըստ էության, իշխանությանը չհաջողվեց ստեղծել մի հիմք` լինի գաղափարական կամ ֆինանսական, որը կապահովեր այս իշխանության մոնոլիտությունն ու ամրությունը»:
«Իշխանության մեջ շատերն են արդեն խոսում դրա մասին: Բոլորը հասկանում են, որ շատ ծանր պրոցեսներ են գնում հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ հակամարտության կարգավորման գործում եւ այս պրոցեսները բերելու են անխուսափելի ճեղքերի: Դրան գումարվում է նաեւ այն ֆիասկոն, որը կրեց Սերժ Սարգսյանի քաղաքականությունը արտաքին ոլորտում եւ , ցավոք, դեռ ֆիասկոների նոր դրսեւորումներ կլինեն: Այս ամենին, սոցիալական ճնշումն էլ գումարեք, ընդդիմության ակտիվ գործողություններն էլ գումարեք եւ կտեսնեք, որ այս ամենին այս վարչախումբը չի դիմանալու»,- հայտարարեց Մուսինյանը:
Հարցին, թե ինչ է անելու ՀԱԿ-ը, եթե այդ ժամանակահատվածում արտահերթ ընտրություններ չլինեն, Ա. Մուսինյանը պատասխանեց. «Եկեք ժամանակից առաջ չընկնենք»:



















