ԱՄՆ գլխավոր պաշտպանական հինգ ընկերությունների՝ «Lockheed», «Boeing», «Raytheon», «United Technologies» եւ «Northrop Grumman», ներկայացուցիչները կոչ էին արել երկրի Կոնգրեսին՝ մարտի 4-ին չքվեարկել Հայոց ցեղասպանությունը դատապարտող 252 բանաձեւի օգտին, հաղորդում է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ANCA):
«Ցեղասպանությունների դեմ ֆինանսական նկատառումներով լոբբինգ անելը, լինի դա Հայոց ցեղասպանությունը, հրեական Հոլոքոսթը կամ Դարֆուրի շարունակվող ցեղասպանությունը, անբարոյականություն է»,- հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը. «Այդ ընկերությունների ղեկավարները պետք է ամաչեն իրենց համար՝ փորձելով ոտնահարել 1,5 միլիոն տղամարդկանց, կանանց եւ երեխաների իրավուքներն ու փող աշխատել դրա վրա»:
ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանին հղած նամակում տվյալ ընկերությունների հեղինակները խոսում են ՆԱՏՕ-ում կարեւոր դաշնակցին կորցնելու վտանգի մասին: Խոսվում էր նաեւ աշխարհաքաղաքական իմաստով բացասական հետեւանքների մասին:,
Միա ժամանակ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության տվյալները փաստում են հակառակի մասին: Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների հետ Թուրքիայի առեւտրաշրջանառությունը մեծացել է 24 տոկոսից մինչեւ 351 տոկոս: Իսկ 1981թ.-ից, երբ Ռեյգանը հիշատակեց Հայոց ցեղասպանության մասին, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի առեւտրային գործարքներն աճել են 10 անգամ:



























