Ղարաբաղյան հակամարտության լուծումը ներկայումս գտնվում է սեղանի վրա, եւ պետք է խիզախություն ու քաղաքական կամք՝ եզրափակիչ քայլն անելու համար: Այդ մասին ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազարույցում հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշը:
«Կարծում եմ՝ այդ հակամարտությունը լուծել հնարավոր է: Լավ լուծումը գտնվում է սեղանին, եւ պետք է խիզախություն ու քաղաքական կամք՝ եզրափակիչ քայլն անելու համար: Կարծում եմ՝ ԵԱՀԿ-ում Ղազախստանի գործող նախագահությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դրանում կարեւոր դեր են խաղում»,- նկատել է Սոարեշը:
Ըստ նրա՝ կարեւոր է նաեւ պատգամավորների համագործակցությունը, իսկ ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը շարունակելու է իր ջանքերն այդ ուղղությամբ:
Խոսելով իր տարածաշրջանային այցի մասին՝ նա նշել է, որ հանդիպումների հիմնական թեման լինելու է Լեռնային Ղարաբաղը: Նշենք, որ մարտի 9-16-ը Սոարեշն ու Լենմարկերը կժամանեն տարածաշրջան: Մարտի 9-10-ը նրանք կլինեն Վրաստանում, 10-13-ը Հայաստանում, իսկ 13-ից 16-ը՝ Ադրբեջանում:



























