«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ ազգային անվտանգությանն առնչվող մի շարք լուրջ խնդիրներ կլուծվեն»,- մարտի 4-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը։
Նշելով, որ ազգային անվտանգության տեսանկյունից այդ հարաբերությունները «նոր ճանապարհներ են եւ նոր ենթակառուցվածքներ», նա միեւնույն ժամանակ ավելացրեց, որ հայ-թուրքական գործընթացը սկսելու առաջին օրերից բոլորը,այդ թվում եւ ՀՀ նախագահը, մտահոգություններ ունեին. «Նախագահն իր անհանգստություններն արտահայտեց ժողովրդին ուղղված իր ուղերձում։ Մտահոգություններ ունեի նաեւ անձամբ ես, սակայն կարեւորն այն է, որ Հայաստանն ու Թուրքիան գործընթացն սկսելուց առաջ պայմանավորվել են հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների։ Եւ այն օրը, երբ հայ-թուրքական արձանագրությունները կվավերացվեն երկու երկրների խորհրդարանների կողմից էլ, բոլոր կասկածները կփարատվեն»,- համոզմունք հայտնեց Գ. Իսագուլյանը։
Ամփոփելով՝ ՀՀ նախագահի ներկայացուցիչը նկատեց, որ հայ-թուրքական գործընթացի հետ կապված բոլոր տեսակի քննադատություները «իրականությունից կտրված եւ հիմնազուրկ են, իսկ Հայաստանի նախաձեռնողական քաղաքականությունը, հակառակ որոշ կարծիքների, ոչ թե վնասեց, այլ միայն օգնեց մեզ»։



























