«Ուրախ եմ, որ այդքան հոգուն հարազատ է ընդունել ու արձագանքել է իմ ասածին»,- այսօր NEWS.am-ի թղթակից հետ զրույցում մեկնաբանելով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի իրեն հասցեագրված նամակը, նշեց ՀՀԿ փոխնախագահ, խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Հիշեցնենք, որ ի պատասխան Գալուստ Սահակյանի այն հայտարարության, թե 1992 թվականին Րաֆֆի Հովհաննիսյանը ԵԱՀԽ նախարարների կոմիտեի շրջանակներում ստորագրել է մի փաստաթուղթ, որտեղ Ղարաբաղը ամրագրված է Ադրբեջանի կազմում, «Ժառանգության» առաջնորդը Գ. Սահակյանին ուղղված նամակում նրան անվանել է «ստախոս ու զրպարտիչ»:
«Այդ բոլոր փաստաթղթերը կան, ես էլ դրանց ժամանակակիցն եմ, մասնակցել եմ նաեւ այդ միտինգներին: Այնպես որ, ոչինչ, բան չեմ ասում»,- ասաց Գ. Սահակյանը:
Այսինքն շարունակո՞ւմ եք պնդել, որ, այնուամենայնիվ, Ր. Հովհաննիսյանը նման փաստաթուղթ ստորագրել է,- հարցին էլ արձագանքեց. «Ոչ միայն ստորագրել է, այլեւ այդ ժամանակվա իշխանությունների կեցվածքը դա էր: Այնպես, որ չեմ կարծում, որ այդտեղ վիճելի խնդիր կա»: Հիշեցնենք, սակայն, որ Հանրապետական կուսակցությունը 1995 թվականից ի վեր եղել է «այդ ժամանակվա իշխանությունների» կողքին:
Մեր մյուս հարցին, թե կարո՞ղ եք Ձեր հայտարարությունը ապացուցել ու հիմնավորել փաստերով, հատկապես, որ այսօր «Ժառանգության» պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը լրագրողներին ներկայացրել էր ԵԱՀԽ նախարարների խորհրդի փաստաթղթերը, որտեղ որեւէ տեղ նշված չէ, որ Ղարաբաղը ամրագրվում է Ադրբեջանի կազմում, Գ. Սահակյանը պատասխանեց. «Ոչ, ես ապացուցելու խնդիր չունեմ, ես դրա ժամանակակիցն եմ, կենդանի վկան եմ եւ եթե ապացուցելու խնդիր ունեն, իրենք պետք է ապացուցեն, որ նման բան չի եղել: Ստյոպա Սաֆարյանն ո՞վ է, որ պետք է ապացուցեմ: Այն ժամանակ ինքը չկար, այսօր էլ չկա»:
Այնուհետեւ մեր զրույցից մի փոքր անց, Գ. Սահակյանը կրկին զանգահարեց ու ասաց. «Հենց նոր ճշտեցի, որ ԵԱՀԿ կայքում կա իմ նշած փաստաթուղթը: Իհարկե, եթե „Ժառանգությունը“ կամ Րաֆֆին պահանջի, ես դա չեմ ներկայացնի, բայց եթե խնդիրը կա, կարող եմ ներկայացնել»:
Այսինքն պատրա՞ստ եք հրապարակել դա, հարցին ի պատասխան էլ նշեց. «Եթե լուրջ քաղաքական ուժ լինի ընդդիմախոսը, պատրաստ եմ, բայց ոչ „Ժառանգությունը“: Ինչպե՞ս կարող եմ լուրջ համարել „Ժառանգությանը“: Անպետք կուսակցություն է»:




























