Հայաստանը Մադրիդյան նորացված սկզբունքների վերաբերյալ իր առաջարկներն ուղարկել է ԵԱՀԿ Միսնկի խմբին: Այս մասին մարտի 4-ին կայացած ասուլիսում հայտնել է ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը: «Ղարաբաղի խնդրի լուծման համար կային մադրիդյան սկզբունքներ, իսկ հիմա նոր փաստաթուղթ է ի հայտ եկել՝ մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը, որի հետ կապված կողմերին առաջարկվել էր առաջարկություններով հանդես գալ։ ՀՀ-ն հստակ իր առաջարկներն արել է, իսկ մինչ օրս, մեր ունեցած տեղեկություններով, Ադրբեջանի նախագահը որևէ առաջարկություն չի արել»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների Սոչիում կայացած հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նշել էին, որ կողմերին են ներկայացվել մադրիդյան նորացված սկզբունքները, որոնց վերաբերյալ նրանք պետք է 2 շաբաթում առաջարկություններ ներկայացնեն: Երկու շաբաթը վաղուց անցել է, բայց մինչ օրս որեւէ տեղեկություն չկար, թե արդյոք կողմերը որեւէ առաջարկություն ներկայացրել են համանախագահներին:

Գ. Իսագուլյանը նաեւ ասել է. «Եթե երեկ դուք լսեիք փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հարցազրույցը, ապա կտեսնեիք. նա հստակ ասել է, որ Հայաստանի կողմից եղել են առաջարկություններ, իսկ Ադրբեջանի կողմից՝ ոչ», հավելելով, որ չգիտի հայկական կողմից ներկայացված այդ առաջարկությունների բովանդակությունը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը դեռ մեկ շաբաթ առաջ էր հայտարարել, որ առարկություններ չունի նորացված սկզբունքների վերաբերյալ, եւ դրանք լիովին բավարարում են իրեն: