Ստեղծված ներկայիս ներքաղաքական իրավիճակը խանգարում է Ուկրաինային՝ հարաբերություններ զարգացնել հարեւան երկրների հետ։ Մարտի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում այդ երկրի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոն։
«Ես, որպես Ուկրաինայի քաղաքացի, շահագրգռված եմ, որ իշխանության մեջ որքան հնարավոր է շուտ համաձայնության գան, որքան հնարավոր է շուտ ստեղծվի կոալիցիա եւ հնարավորինս շուտ սկսի գործել այն»,-նշեց նա։
Դեսպանի կարծիքով, Ուկրաինայի նոր նախագահ Վիկտոր Յանուկովիչը երկրի արտաքին քաղաքական կուրսում կտրուկ փոփոխություններ չի կատարի։
«Յանուկովիչը շատ փորձառու քաղաքական գործիչ է եւ հարցերը, որոնք կան Ուկրաինայում եւ Ուկրաինայից դուրս, նա կփորձի լուծել ի շահ ժողովրդի»,-հավելեց Բոժկոն։
Նշենք, որ փետրվարի 7-ին Ուկրաինայում կայացած նախագահական ընտրություններում Տարածաշրջանների կուսակցության ղեկավար Վիկտոր Յանուկովիչի ընտրվելուց հետո երկրում լարված իրավիճակ էր ստեղծվել, որը շարունակվում է մինչ օրս։ Իսկ երեկ էլ Ուկրաինայի Գերագույն ռադան ձայների մեծամասնությամբ քվեարկել է վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի պաշտոնանկության օգտին։ Տարածաշրջանների կուսակցությունը՝ նախագահ Յանուկովիչի գլխավորությամբ, պատրաստվում է նոր վարչապետի ընտրության եւ Գերագույն ռադայում նոր մեծամասնության ձեւավորմանը։



















