Այսօր մի շարք լրատվամիջոցներ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին արդեն երեք տարի անազատության մեջ պահելու փաստը:
«Ուղիղ երեք տարի առաջ` 2006թ. հունիսի 26-ին ձերբակալվեց „Ժամանակ“ օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը: Երեք տարիների ընթացքում Հայաստանի եւ միջազգային տարբեր իրավապաշտպան եւ լրագրողական բազմաթիվ կազմակերպություններ հանդես են եկել ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագրին անհապաղ ազատելու կոչով:
Վաղը լրանում է Արման Բաբաջանյանի ազատազրկման երրորդ տարին:
Հաշվի առնելով երեք տարվա ընթացքում պայմանականորեն նրան վաղաժամկետ ազատ արձակելու բոլոր ապօրինի եւ չհիմնավորված մերժումները` կարող ենք արձանագրել, որ 2006թ.-ին նրա նկատմամբ իրագործված իշխանական վրեժխնդրությամբ եւ այդ թվականից ի վեր Հայաստանի տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ գործված եւ մինչ օրս շարունակվող բռնաճնշումները մեկ կենտրոնից ղեկավարվող ընդհանուր քաղաքականության թերեւս առաջին օղակն էր: Հայաստանի իշխանություններն այդպես էլ չգիտակցեցին, որ խոսքի ազատության, մարդու ազատությունների եւ իրավունքների դեմ ռեպրեսիվ միջոցներն ու ապօրինի բռնաճնշումները ծանր հարված են հասցնում մեր երկրի առանց այն էլ վնասված միջազգային վարկին: Ազատ խոսքը լռեցնելու պատվիրատու իշխանական ամենավերին ատյաններում այդպես էլ չգիտակցեցին, որ խոսքի ազատությունը ճնշող ամեն մի քայլ էականորեն հարվածում է Հայաստանի միջազգային հեղինակությանը, լրջագույն կասկածներ հարուցում ժողովրդավարությանն ու համամարդկային արժեքներին Հայաստանի հավատարմության հանդեպ, որոնց պարտավորությունների կատարումը մեր երկիրն ստանձնել է միջազգային հեղինակավոր կառույցների առջեւ»,- ասված է հայտարարության մեջ:
Ի դեպ, Արման Բաբաջանյանի պատիժը կրելուց օրացուցային ազատ արձակումը տեղի է ունենալու ընթացիկ տարվա սեպտեմբերին, սակայն ԶԼՄ-ների ներկայացուցիչները նշել, թե ուզում են հավատալ, որ «նրա նկատմամբ նույնիսկ անազատության մեջ գտնվելու ողջ ժամանակահատվածում իրագործված հետապնդումներից հետո, Հայաստանի իշխանությունները կսթափվեն եւ ժամ առաջ Արման Բաբաջանյանին թույլ կտան վերադառնալ իր սիրած ստեղծագործական աշխատանքին»: Հունիսի 26-ին, ժամը 12:00-ին ՀՀ նախագահի նստավայրի առջեւ տեղի կունենա բողոքի ակցիա՝ի պաշտպանություն Արման Բաբաջանյանի:



















