Երեւանում տեղի է ունեցել «ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» եւ «Գոգավան» անցման կետերի արդիականցում» ծրագրի ղեկավար խորհրդի հերթական նիստը` ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի նախագահությամբ: Նիստին մասնակցել են ոչ միայն պետական գերատեսչությունների, այլեւ միջազգային կառույցների ներկայացուցիչներ. առաջին անգամ մասնակցել են նաեւ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար-դեսպան Տրայան Հրիստեան, ինչպես նաեւ ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուսետտոն:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին` ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն ընդգծել է, որ հանձնաժողովի նիստերի մասնակիցների բարձր ներկայացուցչական կազմը համահունչ է այն կարեւորությանը, որ ունի ծրագիրը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման, անվտանգության ապահովման եւ սահմանների համալիր կառավարման ոլորտում տարածաշրջանային համագործակցության խորացման բնագավառներում: «Միացյալ Ազգերի Զարգացման Ծրագրի կողմից իրականացվող այս ծրագիրը, մեր եվրոպական գործընկերների օժանդակությամբ ներկայումս Հայաստանում իրականացվող Թվինինգ ծրագրի հետ հանդիսանում է օրենսդրության կատարելագործմանը, կիրառվող ընթացակարգերի օպտիմալացմանը, ենթակառուցվածքների զարգացմանը եւ կայուն զարգացման ապահովմանն ուղղված բարեփոխումների ընդգրկուն ծրագրի կարեւորագույն բաղադրիչներից մեկը: Մենք պետք է նախաձեռնող եւ հետեւողական լինենք զարգացմանն ուղղված բոլոր ծրագրերի իրագործման հարցում, որոնք պետք է ունենան համակարգված եւ հնարավորինս փոխլրացնող ընթացք»,-նշել է Գագիկ Խաչատրյանը:
Բագրատաշեն, Բավրա եւ Գոգավան անցումային կետերի արդիականացման ծրագրի իրականացումը մտնում է վճռորոշ փուլ, քանի որ, ըստ ՊԵԿ նախագահի, արդեն որոշակիանում են շինարարական աշխատանքների մեկնարկի եւ ընթացքի հետ կապված հարցերը. «Ծրագրի իրականացումը որոշակիորեն շեղվել է սկզբնապես նախատեսված ժամանակացույցից` կապված շինարարական ընկերության ընտրության ուշացման հետ: Ծրագրի մյուս բոլոր բաղադրիչների ուղղությամբ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով` առանց ժամկետային լուրջ շեղումների»:
Սահմանային անցակետերի համալիր զարգացումն ապահովելու համար ՄԱԶԾ-ն եւ ԵՄ-ը պատրաստակամ են շարունակել աջակցությունը Հայաստանին, ընդգծել են միջազգային կառույցների ներկայացուցիչները: «ԵՄ պատվիրակությունը գոհունակությամբ է նշում, որ այս հավակնոտ ծրագիրը, որն ուղղված է հայ-վրացական սահմանի արդիականացմանը, որոշակի առաջընթաց է արձանագրել, ինչի համար շնորհավորում եմ Հայաստանին` այդպիսի պատրաստակամություն դրսեւորելու եւ ներդրումներ իրականացնելու համար: Եմ-ը կշարունակի տեխնիկական օժանդակություն ցուցաբերել Հայաստանին սահմանային անցակետերի արդիականացման եւ ենթակառուցվածքների զարգացման գործընթացում»,-շեշտել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար-դեսպան Տրայան Հրիստեան:
Նիստի ընթացքում ներկայացվել են նաեւ ծրագրի ընթացքում կատարված աշխատանքները, քննարկվել խնդիրները եւ նախանշվել առաջիկա անելիքները: Քննարկվել են նաեւ ծրագրի իրականացման ընթացքի հետագա ուշացումները բացառելուն ուղղված քայլերը:




























