Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում այսօր հունիսի 20-ին մահացած 28-ամյա Մերուժան Ավետիսյանի մահվան փաստով նյութեր են նախապատրաստվում եւ կատարվում է հետաքննություն: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից: Հետաքննությունը ցույց կտա գործի հետագա ընթացքը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանում հունիսի 20-ին, Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում մահացած 28-ամյա Մերուժան Ավետիսյանի հարազատները պնդում են, որ նա մահացել է բժշկական սխալի պատճառով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Մերուժանի քեռին՝ Գագիկ Սարոյանը: Ի դեպ, նրանց հարազատները եւ Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղի բնակիչները, որոնց թիվը անցնում է 100-ից ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոնի մոտ բողոքի ակցիայի էին դուրս եկել եւ հավաստիացնում են, որ պայքարելու եւ բողոքելու են այնքան ժամանակ մինչեւ մեղավորները ազատվեն աշխատանքից եւ քրեական պատասխանատվության ենթարկվեն: Քեռու պատմելով՝ Մերուժանի ծնոտը ի ծնե թեք է եղել եւ տնտեսած գումարով փորձել է պլաստիկ վիրահատության միջոցով շտկել: «Մեր էրեխուն սպանել են: Չնայած նախնական ասում են, որ էրեխուն, որ վիրահատել են ծուծքը գնացել է արյան մեջ: Բայց մենք ներքին կարգով ճշտել ենք, որ թթվածինը, որը քթով է գնացել, իրիկունը պոկվել ընկել անջատվել է եւ Մերուժանը խեղդվել է: Միակ վարկածը դա է միլիարդ տոկոսով: Նրանց անփութության պատճառով սպանել են: Մեր երեխան առողջ էր եւ ոչ մի բանից չի դժգոհել իր ոտքով է վազելով բարձրացել վիրահատության: Մի ատամի ցավ չի ունեցել: Պողպատի նման առողջ էր»,- ավելացրել էր Գագիկ Սարոյանը: Վիրահատության համար վճարել են 1 միլիոն 500 հազար դրամ: Վիրահատող բժիշկը եղել է Հայկ Ենոքյանը: Իսկ հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոնից փոխանցել են, որ փորձաքննության արդյունքները կտրամադրեն 20 օրից:



























