Շատ դրական է գնահատվում այն, որ հասարակությունն արագ արձագանքում է հայտարարություններին, վերլուծում եւ երբեմն խիստ գնահատականներ է տալիս դրանց, դա նշանակում է, որ հայ հասարակությունը եւ Հայաստանում, եւ ԼՂՀ-ում, եւ սփյուռքում, պահպանում է իր իմունային համակարգը՝ անկախ տեղեկատվության հավաստիությունից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի հայտարարությունը՝ France – 24-ին տված հարցազրույցի ժամանակ, ըստ որի, իբր կան Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ընդգրկելու հեռանկարներ:

Ինչ վերաբերում է բուն հարցազրույցին, ապա սկզբի համար Բաբայանը նշեց, որ ճանաչում է Կարեն Միրզոյանին ավելի քան 20 տարի, ապա հավելեց. «Ես նրան գիտեմ որպես իր հայրենիքը սիրող եւ նրան հավատարիմ մարդ, ինչպես նաեւ փորձառու դիվանագետ: Նա պարզապես չէր կարող մտածել կամ ասել, որ Ղարաբաղը կարող է լինել Ադրբեջանի կազմում: Այլ բան է, որ նման բան հնչել է: Միրզոյանը չի ասել, որ Ղարաբաղը կարող է լինել Ադրբեջանի կազմում, նա պարզապես լարված է եղել համաշխարհային ճանաչում ունեցող հեռուստաընկերությանը հարցազրույց տալիս: Նա ցանկացել է ասել, որ կան հեռանկարներ, կան հույսեր խնդիրը կարգավորելու, ոչ թե Արցախն Ադրբեջանի կազմ վերադարձնելու:

Սակայն, քանի որ դա վերջին հարցն էր, նա, փաստացի, պատասխանել է այլ հարցի, ոչ թե հնչած հարցին: Բացի այդ կար լեզվական խնդիր: Քաղաքական, իմաստային եւ գաղափարական առումներով նման արտահայտությունն անհնար է: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Ադրբեջանի կազմ վերադարձ չկա»:
Մեկնաբանելով Միրզոյանի հայտարարությունը, որ ազատագրված տարածքներն անվանել է «անվտանգության ապահովման բուֆերային գոտի», Բաբայանը նշեց, որ կա բուֆերային գոտու երկու հասկացություն: Նրա խոսքով՝ առնվազն 6 տարի ԼՂՀ-ի համար գոյություն չունի բուֆերային գոտի քաղաքական առումով: «Եթե նախկինում ազատագրված տարածքները համարվում էին բուֆերային գոտի, ապա հիմա դրանք այդպիսին չեն համարվում, քանի որ 2006-ին Սահմանադրության ընդունումից հետո այդ հասկացությունը դուրս եկավ շրջանառությունից: Մեզ համար ողջ տարածքը համարվում է Ղարաբաղ: Այդ եզրը դուրս է եկել քաղաքական գործածությունից»:

Սակայն, ըստ Բաբայանի, մնում է ռազմական բուֆերային գոտին, որը հակառակորդի հետ շփման գիծն է: «Նման բուֆերային գոտի մի տեղ կարող է կազմել 300 մետր, մեկ այլ տեղ՝ 1-2 կմ: Բոլոր երկրներն ունեն այդպիսի սահմանային բուֆերային գոտիներ: Կարեն Միրզոյանը նկատի է ունեցել ռազմական բուֆերային գոտին ու նրա խոսքի սխալ ընկալում է եղել»,-ասաց Դավիթ Բաբայանը:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին, ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը France – 24 արբանյակային հեռուստաալիքին տված հարցազրույցում, հարցին, թե հեռանկար տեսնո՞ւմ է, որ Ղարաբաղը վերադառնա Ադրբեջանի կազմ, պատասխանել  «կան հեռանկարներ, կան հույսեր»: