Քիչ առաջ՝ Երեւանի ժամանակով ժամը 19.10 ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում սկսվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի նախագծի քննարկումը:
Օրինագիծը մշակել եւ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովին են ներկայացրել հայամետ պատգամավորներ Ադամ Շիֆը, Ջորջ Ռադանովիչը եւ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնն ու Մարկ Քըրքը: Բանաձեւին աջակցում են 135 կոնգրեսականներ։
Այդ բանաձեւով ԱՄՆ-ի նախագահին կոչ է արվում միջոցներ ձեռնարկել, որպեսզի ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը պատճաշ ըմբռնում արտացոլի այն հարցերում, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, էթնիկ զտումներին եւ այն իրադարձություններին, որոնք արձանագրված են ԱՄՆ փաստաթղթերում եւ վերաբերում են Հայոց ցեղասպանությանը։
Բանաձեւի ծանոթագրություններում նաեւ նշվում է. «Հայոց ցեղասպանությունը ծրագրվել եւ իրականացվել է Օսմանյան կայսրության կողմից՝ 1915- 1923 թվականներին, որի արդյունքում տեղահանվել են 2 միլիոն հայեր։ Նրանցից 1,5 միլիոնը սպանվել են, կես միլիոն վերապրածներ վտարվել են իրենց տներից։ Այս ամենի արդյունքում վերացվեց հայերի 2500 տարվա ներկայությունը իրենց պատմական հայրենիքում»:
Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովը նման բովանդակությամբ բանաձեւեր ընդունել է 2000, 2005 եւ 2007 թվականներին։ Սակայն դրանք Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում այդպես էլ քվեարկության չեն դրվել։
Նշենք, որ «Երկիր-Մեդիա» հեռուստաընկերությունը ուղիղ եթերով ցուցադրում է հանձաժողվի նիստը։



























