Սիսիանի ցրտաշունչ տարածաշրջանը զարմանալիորեն հարուստ է էլեկտրաէներգիայի արտադրման պոտենցիալով: Արեգակնային ճառագայթման  ինտենսիվությունը հանրապետությունում ամենաբարձրն այստեղ է. օրերս USAID-ի ծրագրով տեղի գյուղերից մեկում` Դարպասում, արեւային տաքացուցիչ է տեղադրվել տեղի պոլիկլինիկայի համար: Քամու մասին. Հայաստնի էնեգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ներկայացուցիչների տվյալներով, 2009 թ-ին Սիսիանի լեռնանցքում քամու էներգիայի հզորությունը գնահատվում է  140 Մվտ:

Այստեղ հայտնի է նաեւ Ջերմաղբյուրի ստորջրյա տաք ջրերի հանքավայրը: Հենց այստեղ էլ ծրագրվում էր կառուցել Հայաստանում առաջին երկրաջերմային էլեկտրակայանը եւ ջերմոցային տնտեսությունների ցանցը:

Հորատման աշխատանքներն այստեղ առնվազն 250 աստիճանի գոլորշի են արձանագրել  2,5 – 3 հազ. մ խորության վրա: Իհարկե,  նման խորությամբ հորատման աշխատանքները համադրելի են նավթայինի հետ,  եւ առանց նախնական հետախուզական աշխատանքների հնարավոր չէ:

Համաշխարհային բանկի աջակցությամբ պատրաստված նախագծով Ջերմաղբյուրում ծրագրվում էր 3 կմ խորությամբ  6 հոր ունենալ: Կայանի հզորությունը պետք է կազմի 25 ՄՎտ: Ներդրումների ծավալը այն ժամանակ գնահատվում էր  39,1 մլն դոլար:  Սակագինը գնահատվել էր 4,5 սենթ:

Այն բանից հետո, երբ նախագիծը հեռանկարային  էր համարվել,  2006 թ-ին Հայաստանի կառավարությունը որոշել էր այն փոխանցել Էդուարդո Էռնեկյանի «Corporaccion America»-ին: Տրամադվեցին նաեւ արտոնություններ. մասնավորապես հանքավայրը որոշվեց տրամադրել անժամկետ, թեեւ Հայաստանում ընդերքի համար լիցենզիայի ժամկետը 25 տարի է  սահմանվում: Սակայն նախագիծը տեղից չի շարժվում: