Հունիսի 20-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստը, որի օրակարգի առանցքում ՀՀ նախագահի հետ հանդիպմանը քննարկվելիք հարցերն էին` գազի սակագնի բարձրացման եւ գազամատակարարման այլընտրանքային ուղղությունների, Հայաստանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի` այդ թվում նաեւ արտագաղթի, մշակույթի ոլորտում քաղաքականություն մշակելու, կրթության ոլորտի խնդիրների, Արարատյան դաշտավայրի ջրային պաշարներին լրջորեն սպառնացող վտանգի եւ այլ հարցերի վերաբերյալ:

Օրակարգային հարցերից էր նաեւ Հանրային խորհրդի անդամ, ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Արտուշ Ղուկասյանի նամակն՝ ուղղված Հանրային խորհրդին, որը վերաբերում էր ս.թ. մայիսի 24-ին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով իրեն տրված «խիստ նկատողություն» կարգապահական տույժին:

Արտուշ Ղուկասյանը համաձայն չէ նախարարի հրամանի հետ, եւ իր անհամաձայնությունն ու բացատրությունները հայտնել է նաեւ ՀՀ վարչապետին, ԿԳ նախարարին եւ Քաղծառայության խորհրդի նախագահին:

Հանրային խորհրդի անդամները քննարկել են գիտական աստիճանների շնորհման ոլորտում վերջին տարիների իրավիճակը, քննարկել են նախարարի հրամանի հիմքերը եւ գտել, որ խիստ նկատողությունը հիմնավորված չէ, ուստի որոշվել է ՀԽ անդամների դիրքորոշման վերաբերյալ կազմել համապատասխան փաստաթուղթ: