Մոր եւ մանկան առողջության հայկական դաշինքի հրավերով ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր` հուլիսի 21-ին, Աղվերանում հանդիպում-երկխոսություն է ունեցել քաղաքացիական հասարակության ավելի քան 45 ներկայացուցիչների հետ:
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարը ներկայացրել է իրականացվող բարեփոխումները պոլիկլինիկական եւ հիվանդանոցային օղակներում, ֆինանսավորման եւ այլ ոլորտներում։ Խոսել է նաեւ առաջիկայում ակնկալվող տարբեր ծրագրերի, այդ թվում` առողջ ապրելակերպի խթանման մասին: Երկու ժամ տեւած հանդիպման ընթացքում Դերենիկ Դումանյանը պատասխանել է դաշինքի ներկայացուցիչներին հուզող բազմաթիվ հարցերին:
Հիշեցնենք, որ Մոր եւ մանկան առողջության հայկական դաշինքը ստեղծվել է 2010թ. Վորլդ Վիժն կազմակերպության «Երեխայի առողջությունն է» քարոզարշավի շրջանակներում: Այն միավորում է 47 ՀԿ-ների, մասնագիտական կառույցների եւ քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչների:




























