Այսօր՝ հունիսի 21-ին, ՀՀ վարչական դատարանում քննվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի բողոքն ընդդեմ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ Ա. Հակոբյանի:

Վարչական դատարանն այսօր, ըստ էության, բավարարել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքը եւ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությանը պարտավորեցրել է դատարան ներկայացնի ծառայողական քննության փաթեթը, որը մինչ այդ չէին ներկայացրել ՀՔԱ Վանաձորի գրասենյակին, ասելով, թե դա «ծառայողական գաղտնիք» է:

Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է վերացնել ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության գրության մերժումը, պարտավորեցնել ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությանը՝ տրամադրել հարցմամբ հայցվող տեղեկությունը, իսկ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ՝ Ա. Հակոբյանին ենթարկել վարչական պատասխանատվության:

Նշենք, որ 2012 թ. սեպտեմբերի 27-ին «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ Արթուր Սաքունցը տեղեկատվություն ստանալու հարցում էր ներկայացրել ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն՝ խնդրելով տրամադրել ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից իրականացված ծառայողական քննության նյութերը:

2012 թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի կողմից ստացվել է պատասխան գրություն, ըստ որի՝ մերժվել է տեղեկատվության տրամադրումը այն պատճառաբանությամբ, որ ծառայողական քննության նյութերը իրենից ներկայացնում են ծառայողական գաղտնիք պարունակող ներքին օգտագործման փաստաթղթեր: