Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովն այսօր՝ հունիսի 21-ին, դռնբաց նիստում կարճել է ՀՀԿ պատգամավոր Նաիրա Կարապետյանի դեմ սկսված վարույթը, հաղորդում է «Ա1+»-ը: 

Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովն այսօր քննում էր «Մոսկվայի տան» տնօրեն Արմինե Թութունջյանը դիմումը, որով նա նա պահանջում էր քննել ՀՀԿ պատգամավոր Նաիրա Կարապետյանի վարքը:

«Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դա վերաբերում է միջանձնային հարաբերություններին, կենցաղային վեճին, որը որեւէ առնչություն չունի պատգամավորի ոչ լիազորությունների, ոչ դիրքի հետ»,-ասել է ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը։

«Մոսկվայի տան» տնօրեն Արմինե Թութունջյանը դիմում էր ներկայացրել Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով` քննելու Նաիրա Կարապետյանի ոչ վայելուչ, անհարգալից վարքը: Ըստ տիկին Թութունջյանի` պատգամավորը հեռախոսով իր հետ անհարգալից է խոսել ու նույնիսկ սպառնացել:

«Պատգամավորը իր պաշտոնի հեղինակությունը չի օգտագործել որեւէ իրավունք ստանալու հետ կապված, այլ արտահայտել է իր պահանջը մոր վիրավորելու հետ կապված»,- հայտնել է Դավիթ Հարությունյանը։

Էթիկայի հանձնաժողովի նիստին այսօր Նաիրա Կարապետյանը ներկա չէր, իսկ նիստը նրա ցանկությամբ է դռնբաց անցկացվել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Էթիկայի հարցերով Ազգային ժողովի մշտական հանձնաժողովը Երեւանում Մոսկվայի տան տնօրենից դիմում-բողոք է ստացել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանի վերաբերյալ, որպեսզի քննի նրա վարքը։

Միջադեպի առնչությամբ, Նաիրա Կարապետյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է հետեւյալը. «Շատ ցավում եմ, որ նման պաշտոն զբաղեցնող կինը զբաղվում է ապատեղեկատվություն եւ սադրանք տարածելով, սակայն նաեւ ուրախ եմ, որ նա այնուամենայնիվ դիմել է ոչ թե այն ոճին եւ տոնայնությանը, որով ինձ հետ էր խոսում, այլ՝ էթիկայի հանձնաժողով: Էթիկայի հանձնաժողովն է այն մարմինը, որը կոչված է նման իրավիճակները պարզաբանելու եւ հանրությանը իրականությունը ներկայացնելու: Ըստ Ազգային ժողովի Կանոնակարգ օրենքի՝ Էթիկայի հանձնաժողովի հանձնաժողովի նիստերը դռնփակ են, բացառությամբ այն դեպքի, երբ դիմումում նշված պատգամավորն առաջարկում է հանձնաժողովի նիստերն անցկացնել դռնբաց: Կարծում եմ, սա հենց այն դեպքն է, երբ ես կառաջարկեմ անցկացնել նիստը դռնբաց, որպեսզի բոլորին պարզ լինի իրական պատկերը»: