Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 4-ին ընդունել է կորեական ընկերությունների եւ գործարարների պատվիրակությանը կորեական «KORES» ընկերության նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Քիմ Շին Ջոնգի ղեկավարությամբ: Պատվիրակության կազմում էին Korea Resources Corporation (KORES), Daewoo Shipbuilding & Marine Engineering (DSME), DSME E&R և CORUS ընկերությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ հայաստանյան «Վալլեքս» խմբի ներկայացուցիչներ:
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի վարչապետը հույս է հայտնել, որ հայ եւ կորեացի գործարարների համագործակցությունը հաջող ընթացք կունենա, քանզի առկա են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք նախագծեր:
Կորեական ընկերությունների ներկայացուցիչները նշել են, որ շահագրգռված են Հայաստանում տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացմամբ, մասնավորապես օգտակար հանածոների հետախուզման եւ արդյունահանման, խտանյութերի վերամշակման ու ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ:
Զրուցակիցները կարեւորել են համագործակցության վերաբերյալ հուշագրերի ստորագրումը հայկական պետական գերատեսչությունների եւ ընկերությունների ու կորեական կազմակերպությունների միջեւ:



























