Թուրքիայում անկարգությունների պատասխանատվությունն ընկնում է ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության վրա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կայսերի քաղաքում իր կողմնակիցների բազմահազարանոց հանրահավաքում:

Նա հիշեցրել է, որ իշխանությունները այգին ցուցարարներից մաքրելու փորձ չեն ձեռնարկել, սպասելով, որ ցուցարարներն իրենց կհեռանան: Վարչապետի խոսքով՝ ցուցարարների գործողությունները վիրավորական էին ազգի համար:

Նշենք, որ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը հեռավորություն էր պահպանում բողոքի ակցիաներից, միայն խորհրդարանում քննադատելով Էրդողանին՝ հանրահավաքի մասնակիցներին ճնշելու հարցում խիստ դիրքորոշման համար: Էրդողանի կարծիքով, սակայն, ընդդիմադիր կուսակցությունն աջակցել ժողովրդական հուզումներին, այդ թվում ագրեսիվ դրսեւորումներին:

Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ «չի պատրաստվում կանգ առնել» եւ որ Թուրքիան «զարգանում է եւ ավելի ամրանում»: Նրա խոսքով՝ ընդդիմադիրներին «անհանգստացնում են Թուրքիայի հաջողությունները»: «Նրանց անհանգստացնում է, որ մեր դրոշը, եր անձնագիրը եւ մեր արժույթը ուժ են հավաքում»,-ասել է նա:
Էրդողանը նաեւ նշել է, որ Թուրքիայում անկարգությունները կարող են ուղղված լինել քրդական խնդրի խախաղ կարգավորումը տապալելուն:
Միաժամանակ, թուրքական «սպեցնազ»-ն այսօր՝ հունիսի 21-ի առավոտյան արցունքաբեր գազ է օգտագործել Անկարայում հակակառավարական ցույցը ցրելու համար: Տեղի են ունեցել ձերբակալություններ: