Մինչ իշխանությունները փորձում են Հայաստանում մոռացության մատնել հայտնի «օֆշորային սկանդալը», Հայաստանի սահմաններից դուրս տեղի են ունենում գործընթացներ, որոնք կարող են հերթական սկանդալի առիթ դառնալ: Այս մասին գրում է «168 ժամը» եւ հավելում. «Ու կրկին դրանում կարող է շրջանառվել վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը: Խոսքը վերաբերում է «Նաիրիտ» գործարանի հետ կապված բավական խճճված պատմությանը:

Երկու օր առաջ Մոսկվայի Արբիտրաժային դատարանում կայացել է «Միջպետական բանկն՝ ընդդեմ «Rhinoville Property Limited» ընկերության» դատական հերթական նիստը, որը պատասխանող կողմի չներկայանալու պատճառով կրկին հետաձգվել է մինչեւ հոկտեմբեր: Հիշեցնենք, որ հենց այս ընկերությանն էր ժամանակին հանձնվել «Նաիրիտի» կառավարումը, եւ հենց այս ընկերությունն էր, որին ՀՀ կառավարության երաշխիքով Միջպետական բանկը շուրջ 170 միլիոն դոլարի վարկ էր հատկացրել:

Ի դեպ, կրկին օֆշորային գոտում գրանցված «Rhinoville Property Limitecb-ը փաստացի հրաժարվում է մարել այդ վարկը, եւ բացառված չէ, որ ՀՀ կառավարությունը ստիպված լինի սեփական միջոցներով մարել այն, քանի որ հանդիսացել է վարկառու ընկերության երաշխավոր: Նաեւ այս վարկի մարմամբ է պայմանավորված՝ արդյո՞ք ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը կգնի «Նաիրիտը», թե՝ ոչ:

Մեր տեղեկություններով, «Ռոսնեֆտը» «Նաիրիտը» պատրաստ է գնել 100 մլն դոլարով եւ պայմանով, որ նրա պարտքերը գնման պահին մարված լինեն: Իսկ այդ պարտքերը, ըստ հավաստի տեղեկությունների, կազմում են 350-400 մլն դոլար... »,- գրում է «168 ժամը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):