Ուզում եմ՝ հասկանամ, դուք այդքան միամի՞տ եք, թե՞ միամիտ եք ձեւանում, Հանրապետության հրապարակի հետ ինչ արվել է, աղավաղվելու ճանապարհով է տեղի ունեցել մինչեւ հիմա։ Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, ճարտարապետ Լեւոն Իգիթյանը։

Նա շեշտեց, որ սովետական ժամանակից սկսած այն աղավաղվել է, հիմա փորձ է արվում, թե ինչն է հնարավոր փրկել, դա է մրցույթի բուն իմաստը։ Լեւոն Իգիթյանն ասաց, որ սա Հրապարակի վերաբերյալ մրցույթի հայտարարման 8-րդ, 9-րդ դեպքն է, բոլորը եղել են ոչ արդյունավետ, նա համոզված է, որ, որ սա եւս անարդյունավետ է  լինելու։ Ճարտարապետը զարմանում է, թե ինչի են հիմա  աղմուկ բարձրացնում, «սա մեր սերնդի ճարտարապետական մտքի հավաքված վիճակն են փորձում տեսնել, ոչ մի բան չի կատարվի հրապարակի հետ»։

Ավագանու անդամը շեշտեց, որ այդ հարցը քննարկվել է ճարտարապետների հանձնաժողովում, որի անդամներն են ճարտարապետների միության անդամները։ Ճարտարապետը շեշտեց, որ սա մասնագիտական հարց է, ծրագիրը քննարկվում է, կոչ է արվում լրացնել, հազարավոր նամակներ են ստանում, տարբեր մարդիկ՝  անգամ շատ հեռու ճարտարապետությունից, նամակներ են ներկայացնում, այժմ որոշել են եւս մեկ անգամ ընդհանուր մասնագիտական կարծիք հավաքել։

«Ես ճարտարապետ  Լեւոն Իգիթյանն եմ, ավագանի եմ, չգիտեմ որ վարչության աշխատող եմ, էդ ի՞նչ կապ ունի։ Իսկ դուք պատկերացնում եք, եթե ընդգրկված էլ չլինեի, ինչեր կարող էր լինել, ինչքան բան է փրկվել»,- ասաց նա՝  հավելելով. «Մենք մի մեծ շղթա ունենք, փորձում ենք առանձին օղակներ փայլեցնել, ինչի մասին խոսում ենք, բոլորը բնական է դաշտ է ստեղծվել, որ առանձին պայքարողներ փորձում են հերոսանալ առանց մտածելու, որ ընդհանուր վիճակը, հոգեւոր կլիման վատ է»։

Ասուլիսի մյուս բանախոսը, բնապահպանության նախկին նախարար, բնապահպան Կարինե Դանիելյանը շեշտեց, որ սա ոչ միայն ճարտարապետական խնդիրն է, այլեւ  էկոլոգիական, քաղաքացիները կարող են հետաքրքրվել, կարծիք հայտնել այդ խնդրի մասին։ «Ամեն գինեկոլոգ պետք է հետաքրքրվի այդ հարցով, քանի որ տեսնում է այն աննորմալ ծնունդները, որոնք այդ քաղաքաշինության արդյունքն են։ Երեւանցիները պետք է որոշեն, թե հրապարակում ինչ պետք է անեն, ոչ թե մի խումբ ճարտարապետներ որոշեն՝  անտեսելով ճարտարապետների միության կարծիքը։ Ասֆալտբետոնային մեր քաղաքով հիմա օձերին, կարիճներին ասում ենք էստի համեցեք եւ օձերը շատ շնորհակալ են մեր ճարտարապետներին»,- նշեց Կարինե Դանիելյանը։ 

Իսկ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն էլ նշեց, որ մեր իշխանությունը ապիկար է, չի հասկանում, թե պաշտոնյանները ինչի համար են աշխատավարձ ստանում: «Հանճարի գործը՝ մեր հրապարակը, ձեռից գնում է։ Երկու ձգտում եւ նպատակ կա, իրենց անունը գրվի Թամանյանի կողքը, երկրորդ նպատակը փողն է, շատ մեծ փող։ Հրապարակը փրկելու կարիք չունի, ոչ էլ մեր ազգը փրկելու կարիք ունի»,- ասաց Արմեն Պողոսյանը։ Նա շեշտեց, որ պետք է այնպես անել, որ Կառավարությունում եւ Բաղրամյան 26-ում  հաշվի նստեն մեր կարծիքի հետ։ Սպառողների միության ղեկավարն ասաց, որ իրենք պայքարելու նպատակ չունեն, պայքարը Դանկոն էր անում, իրենք ուրիշ հարցով են զբաղված։